Գերագույն խորհրդի պատգամավորները Անկախության տոնի առթիվ հավաքվում են 25 տարի անց
Հայաստանի հանրապետության անկախացումից հետո ձևավորված առաջին օրենսդիր մարմնի` ՀՀ առաջին Գերագույն խորհրդի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում կկայանա ընդունելություն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` նշելով. «Սա զուտ նախկին Գերագույն խորհրդի պատգամավորների նախաձեռնությունն է, ինձ անձամբ հրավիրել են, այլ մանրամասների ծանոթ չեմ»:
ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն իր աշխատանքները սկսել է 1990թ. հուլիսի 20-ին և ավարտել 1995թ. մայիսի 15-ին: Այդ ընթացքում ընդունվել է 1169 որոշում և 185 օրենք, որոնցից 104-ը` մայր, իսկ 81-ը` փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 148 միջազգային պայմանագիր: Հենց ՀՀ Գերագույն խորհրդի գործունեության օրոք, ավելի կոնկրետ՝ 1995թ. հուլիսի 5-ին է ընդունվել ՀՀ Սահմանադրությունը:
Նշենք, որ ՀՀ առաջին Գերագույն խորհուրդը կազմավորված էր մեծամասնական ընտրակարգով և բաղկացած էր 260 պատգամավորից:
Նշենք, որ 5-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված պատգամավորներից ՀՀ առաջին Գերագույն խորհրդի պատգամավորներ են «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամներ Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, ՀՀԿ խմբակցությունից` Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, «Ժառանգություն» խմբակցության այլևս նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Իսկ առհասարակ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ են եղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանը, անվանի հայ լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը և այլք:
Խոսրով Հարությունյանը, հետադարձ հայացքով գնահատելով անցած ճանապարհը, նշեց, որ, բոլոր դեպքերում, 5-րդ գումարման ԱԺ-ում ավելի հասունացած քաղաքական գործիչներ են հավաքվել:
«Ըստ որում, հասունացել ենք բոլորս` հանրությունն ամբողջությամբ և քաղաքական էլիտան` նմանապես: Մեր մոտեցումներն այն ժամանակ շատ ավելի պարզունակ էին, իսկ քաղաքական զարգացումները շատ սաղմնային վիճակում էին: Մենք շատ օրենքներ ընդունում էինք կոնցեպտուալ, սկզբունքային հենքի վրա` մանրամասներ, դետալներ չէինք ամրագրում, որովհետև դրանք չէինք էլ պատկերացնում»,- գնահատեց Խոսրով հարությունյանը:










