Տնային պայմաններում հնարավոր չէ օրգանիզմի համար անվտանգ պահածո պատրաստել. Մարգարիտա Բաբայան
Սկսվել է պահածոներ պատրաստելու սեզոնը, այս առիթով Առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը զգուշացնում է, որ տնային պայմաններում հնարավոր չէ պահածոն ստերիլիզացնել այնպես, որ անվտանգ լինի մարդու օրգանիզմի համար:
Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ այս տարի հունվար ամսից սկսած գրանցվել է բուտոլիզմի 13 դեպք 21 տուժածով, իսկ նախորդ տարի՝ 9 դեպք 11 տուժածով: Թե՛ այս, թե՛ նախորդ տարի մահվան դեպք չի գրանցվել, ի տարբերություն նախորդ տարիների:
«Ինչքան ուզում ես լավ լվա մթերքը, լավ ստերիլիզացիա արա, միևնույնն է, հնարավոր չէ տնային պայմաններում վերացնել բակտերիաններն ու սպորները: Դրանք միայն վերանում են այն սարքերի միջոցով, որոնք առկա են պահածոներ արտադրող կազմակերպություններում: Այնտեղ ճնշումը 1.5-2 մթնոլորտ է կազմում, իսկ պահածոյի մեջ առկա ջերմությունը 120-130 աստիճան: Միայն այս ջերմաստիճանի ու ճնշման տակ է, որ սպորները ոչնչանում են, ինչը տնային պայմաններում հնարավոր չէ ստանալ»,- ասաց նա:
Մարգարիտա Բաբայանը նշեց, որ վերջին երկու տարիների մահվան դեպքեր չգրանցելու պատճառը երկու գործոնով է պայմանավորված՝ ժամանակին բժշկին դիմելու ու համեմատաբար քիչ պահածոներ պատրաստելու:
«Երկու տարի առաջ մի կին մահացավ Շիրակում: Նա կարմիր պղպեղ էր կերել ու հետո վատ զգացել, սակայն երեք օր տնային պայմաններում էր բուժում իրականացրել, չորորդ օրը նոր դիմել էր բժշկի, իսկ թույնը միանգամից ազդում է նյարդային համակարգի վրա: Մահվան բոլոր դեպքերը ուշ բժշկի դիմելու հետևանքով են, քանի որ մեր բուժհաստատություններում համապատասխան շիճուկն առկա են, որով արագ կանխարգելում են»,- ասաց նա:
Մարգարիտա Բաբայանը դրական գնահատեց, որ այսօր շատերը ձմռան համար մթերքը պահում են սառցարանում կամ թթվեցնում են հետո պահածոյացնում. երկու դեպքում էլ սնունդն անվտանգ է մարդու համար:
Մասնագետն ամեն դեպքում զգուշացրեց բոլոր նրանց, ովքեր շարունակում են տնային պայմաններում պահածոներ պատրաստել. «Պահածոն օգտագործելուց առաջ պարունակությունը լցնել կաթսայի մեջ ու եռացնել 25 րոպե խառնելով»:










