Լոս Անջելեսի ուսուցիչների միությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել

09:45 • 19.09.15

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ի երեկոյան Լոս Անջելեսի ուսուցիչների միության օրենսդիր մարմինը վավերացրել է 2015 թվականը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման տարի, իսկ ապրիլը՝ Հայոց ցեղասպանության ամիս հռչակող բանաձևը, տեղեկացնում է Asbarez-ը:

 

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է այս պատմական քայլը՝ նշելով, որ այն նպաստելու է Հայոց ցեղասպանությունը պետական դպրոցների աշակերտներին դասավանդելու ջանքերին:

 

Նա հատկապես շնորհակալություն է հայտնել ուսուցիչներ Շան և Սյուզի Աբաջյաններին, որոնք առաջնորդել են բանաձևի վավերացման ընթացքը, ինչպես նաև Հոզե Լարային, որը ևս մեծապես նպաստել է դրան:

 

Բանաձևի քննարկման ընթացքում ելույթ ունենալով՝ Ասատրյանը բացատրել է Լոս Անջելեսի ուսուցիչների միության կողմից նման բանաձև ընդունելու կարևորությունը:


Ոչ ոք բանաձևին դեմ չի արտահայտվել:

 

Լոս Անջելեսի ուսուցիչների միության անդամների թիվը մոտ 31.000 է: