«Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների նկատմամբ սպասելի էր. Վ. Բաղդասարյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների նկատմամբ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար սպասելի էր:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշեց. «Դեռ 2012-ին թվականին նրանք հանդես եկան 2 դրույթներով` մեկը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն էր, մյուսը խորհրդարանական մոդելը և այդ երկուսի հիման վրա Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը քաղաքական կոնսուլտացիաների էին անցկացնում մնացած քաղաքական ուժերի հետ, որն էլ պաշտպանեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»:
Նշենք, որ ԲՀԿ-ի դանդաղ, բայց, ըստ էության, « այո»-ն այս պահին հիմնավորվում է խմբակցության տարբեր հայտարարություններով: Մասնավորապես, Միքայել Մելքումյանը հայտարարում է, որ իրենք կողմ են խորհրդարանական մոդելին, Աբրահամ Մանուկյանը, որ ներկայացրել են առաջարկներ, որոնց ընդունվելու դեպքում կասեն`«այո»:
Ի պատասխան հարցի, թե շրջաններում նախնական քննարկումներից մինչև ԱԺ լիագումար նիստ սահմանադրական փոփոխությունների ճանապարհը ինչ ցույց տվեց` կա լայն կոնսոլիդացիա, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե նայած ինչ կարելի է հասկանալ «լայն կոնսոլիդացիա» ասելով:
«Այսինքն` կոնսոլիդացիան քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ընդհանուր ըմբռնման արդյունքում, երբ գնում ենք ընդհանուր քննարկումների և դրանց արդյունքում մարդիկ փոխադարձ ըմբռնումով են մոտենում այդ խնդիրներին, մենք հասկանում ենք այդ կոնսոլիդացիան: Այսինքն` կա հասարակության լայն շերտերի կողմից ընկալելի տարբերակ: Եվ այս ամիսների ընթացքում մենք զգացինք, որ դինամիկան այնպիսին է, որ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք սկզբնական շրջանում ընդհանրապես չէին ցանկանում մասնակցել քննարկման, ոչ միայն մասնակցեցին, այլև հասկացան այդ սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարությունը և ապագային միտվածությունը »,- ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:










