Հունգարիան իր զորքերը կենտրոնացրել է Խորվաթիայի հետ սահմանին

14:18 • 20.09.15

Հունգարիայի բանակը գտնվում է Խորվաթիայի հետ սահմանին, երևում են սահմանամերձ տարածքում ռազմական ավտոմեքենաների շարասյուներ, հաղորդում է РИА Новости-ն՝ խորվաթական լրատվամիջոցների վկայակոչելով:


Մի քանի հարյուր ներգաղթյալ գտնվում է Հունգարիայի և Սլովենիայի հետ սահմանային անցումների մոտ գտնվող չեզոք տարածքում:


Սահմանային անցակետերը Սերբիայի հետ, որոնք Խորվաթիան փակել է հինգշաբթի երեկոյան մինչև հետագա ծանուցումը, շարունակում են փակ մնալ: Գործում է միայն մեկ անցակետ, որի մոտ ավտոմեքենաների հսկայական հերթեր են կուտակվել:


Խորվաթիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ անցած օրվա ընթացքում հունգարական սահման է ուղղվել ներգաղթյալներով 28 ավտոբուս: Մոտ հազար մարդ այնտեղ տարել են երկաթուղային ճանապարհով: «Ներգաղթային ճգնաժամի սկսվելուց ի վեր Խորվաթիայի Հանրապետություն է ժամանել մոտ 21 հազար ներգաղթյալ»,- հաղորդում է ներքին գործերի նախարարությունը:


Հունգարական սահման ներգաղթյալներին բերած գնացքից նրանք շարժվել են Հունգարիա անօրինական անցման վայրով: Վերջին երկու օրվա ընթացքում այդտեղով Հունգարիա է անցել մոտ 5 հազար մարդ: Նշվում է, որ այժմ փախստականների համար գլխավոր թշնամին եղանակն է, ողջ գիշեր անձրև է տեղացել, ջերմաստիճանը նվազել է, իսկ մարդկանց մեծ մասը գիշերն անցկացրել է բաց երկնքի տակ:


Սլովենիայի ոստիկանության տեղեկություններով՝ այդ երկիր Խորվաթիայից ժամանել է ավելի քան 2 հազար մարդ, նրանց կեսը՝ վերջին օրերի ընթացքում: