Ռուսաստանը կփորձի օգտագործել Արևմուտքի հետ Ադրբեջանի լարվածությունը, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի շահերի. Շիրակ Թորոսյան
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Tert.am-ի հետ զրույցում տրամաբանական է համարում, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպայի հետ համագործակցությունից, ապա պետք է հանգրվան փնտրի Ռուսաստանի մոտ, ինչը ձեռնտու է Ռուսաստանին: Սակայն նա համոզված է, որ դա չի լինի ի հաշվի ՌԴ–ի ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերի: «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության համար շատ մեծ ռազմավարական գործընկեր է, քանզի տարածաշրջանի միակ կետը, որտեղ ինքն ունի ռազմաբազա և հնարավորություն՝ իր ռազմական ներկայությամբ ապահովել Ռուսաստանի ստրատեգիական շահերը՝ հարավային Կովկասում, դա Հայաստանն է»,-ասաց նա:
-Պարո՛ն Թորոսյան, Ադրբեջանի առճակատումը Եվրոպայի հետ ինչի՞ կարող է հանգեցնել:
-Ադրբեջանը, ներքին քաղաքականության մեջ շարունակելով բռնություններ գործադրել խոսքի ազատության և մարդու իրավունքների ոլորտում, ի վերջո հասավ այն տրամաբանական հանգրվանին, որ Արևմուտքը, եվրոկառույցները և նույնիսկ նավթի շատ ախորժելի բույրի և խավիարի շատ ցանկալի գոյության պարագայում ստիպված են կոշտ արձագանքել Ադրբեջանին: Ինչո՞ւ եմ այսպես ձևակերպում, որովհետև այսպիսի գնահատկաններ պետք է վաղուց տրվեին, որովհետև Ալիևների կլանը վաղուց է կոպտորեն խախտում մարդու իրավունքները և խոսքի ազատությունը՝ խոշտանգումներ, հետապնդումներ, հալածանքներ ազատ խոսքի նկատմամբ, բանտարկություններ, դատավարություններ և այլն: Ադրբեջանը կանգնելով ձախողման առջև՝ խզեց Եվրամիության հետ կապերը, Եվրանեսթի հետ դադարեցրեց պատվիրակությունների գործունեությունը, և Ալիևը հերոսաբար հայտարարել է, թե սա է մեր պատասխանն այն խարդավանքներին, որ մեր դեմ իրականացնում է Եվրոպան: Եվրոպան այս պարագայում ընդամենը շատ ուշացած է արձանագրել և վաղուց պետք է աներ և դա գնահատել որպես Եվրոպայի կողմից խարդավանք ու չուզողություն Ադրբեջանի հաջողություններին ու զարգացմանը՝ բնականաբար դա պետք է լիներ փրփուրներից կախվող Ալիևի շանտաժային քայլ:
-Ադրբեջանի նկատմամբ նման դիրքորոշումը ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա՝ հաշվի առնելով Արևմուտքի մասնակցությունը տարածաշրջանի հարցերում:
-Մենք մեր գործն ենք անում, վարում ենք մեր արտաքին քաղաքականությունը, որն այսօր երկու շեշտադրված ուղղություն ունի՝ Ցեղասպանության ճանաչման խնդիրը և Ղարաբաղի արժանապատիվ խաղաղության պայմանագրի կնքումը: Մենք բոլոր ուղղություններով այդ գործընթացը շարունակում ենք և Ադրբեջանի եվրոպական դիրքերի թուլացումը, այնպես չէ, որ նպաստավոր իրավիճակ է ստեղծելու այդ խնդիրների լուծման՝ հատկապես ղարաբաղյան հարցի կարգավորման գործում, որովհետև Ադրբեջանը դուրս գալով եվրոկառույցների հետ համագործակցության շրջանակներից՝ կարող է ինչ-որ տեղ ավելի անկաշկանդ զգալ և այլևս Արևմուտքի եվրոկառույցների կաշկանդիչ, դրդող ներկայությունն ու դերը հաշվի չառնեն: Չնայած ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ Ադրբեջանը կաշկանդող դերը երբեք էլ հաշվի չէր առնի, եթե համոզված լիներ, որ ռազմական պոտենցիալը կբավարարի հայկական կողմին պատերազմում հաղթելու համար:
-Տեսակետներ են հնչում, որ Ադրբեջանի նման կոշտ դիրքորոշումը Եվրոպայի հանդեպ պայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ: Այստեղ էլ կարո՞ղ ենք մտահոգություններ ունենալ, որ կա պայմանավորվածություն ռուս-ադրբեջանական կողմերի միջև ղարաբաղյան հարցում:
-Շատ պարզ տրամաբանություն է, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպայի հետ համագործակցությունից, ապա նա պետք է, անպայման, հանգրվան փնտրի ռուսական քաղաքական շահերի դիմաց և մենք, այո՛, տեսնում ենք այդ վտանգը և գտնում ենք, որ Ադրբեջանը կփորձի, անպայման, օգտվել այդ իրավիճակից, ինչն ստեղծվել է Եվրոպայի հետ փոխհարաբերություններում: Բնական է, այդ իրավիճակը ձեռնտու է ռուսական քաղաքական շահերին և ՌԴ-ն ամեն դեպքում, հավանաբար, կփորձի Ադրբեջանի լարվածությունը Եվրոպայի հետ իր քաղաքական ծրագրերում: Սակայն մենք պետք է չմոռանանք, որ մենք Ռուսաստանին և մի շարք ԱՊՀ երկրների հետ ունենք ռազմական քաղաքական դաշինք՝ ՀԱՊԿ-ը: ՀՀ Նախագահը օրերս Դուշանբեում իր ելույթում հստակ արձանագրեց այդ հանգամանքը և նաև ՀԱՊԿ-ի պարտավորությունները սահմանների անձեռնմխելիությունը խախտելու դեպքում և պետության գլխին ռազմական մարտահրավերներ կանխելու համար ՀԱՊԿ-ի պարտավորությունների մասին: Սա ևս կարող ենք ինչ-որ տեղ համարել քաղաքական գործընթաց, որ չվերածվի ռազմական աջակցության, քանզի պետություններն առաջնորդվում են ոչ թե առաջին հերթին պարտադրանքներով, այլ նրանով, թե ինչու են ստանձնել այդ պարտադրանքները, այսինքն՝ քաղաքական շահերը: Հետևաբար, ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանա կորցնել Հայաստանին, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության շատ համար շատ մեծ ռազմավարական գործընկեր է, քանզի տարածաշրջանի միակ կետը, որտեղ ինքն ունի ռազմաբազա և հնարավորություն՝ իր ռազմական ներկայությամբ ապահովել Ռուսաստանի ստրատեգիական շահերը՝ հարավային Կովկասում, դա Հայաստանն է:










