Պատմության մեջ առաջին անգամ Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը կին է գլխավորել

14:51 • 21.09.15

Ավստրալիայի նոր կառավարությունը՝ Մալքոլմ Թյորնբուլի գլխավորությամբ, երկուշաբթի օրը սկսել է իր աշխատանքը։

 

Թյորնբուլը, ով անցած շաբաթ վարչապետի պաշտոնում փոխարինել է Թոնի Էբոթին, իր նպատակն է համարում նախարարների կաբինետի արմատական փոփոխությունը։ Նոր կառավարությունում կին նախարարների թիվը երկուսից հասել է հինգի: Պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության նախարարի պաշտոնին է նշանակվել կին՝ սենատոր Մարիս Փեյնը։

 

«Լավ կլիներ, եթե կանայք ավելի շատ լինեին նոր կաբինետում, սակայն, ինչպես գիտեք, նրանց թիվը խորհրդարանի անդամների թվում նույնպես այնքան բարձր չէ, ինչպես պետք է լիներ»,- նոր կառավարության կազմն է մեկնաբանել Թյորնբուլը:

 

Ընդհանուր առմամբ, կառավարության նոր կազմում է ընդգրկվել ութ նոր նախարար, ևս երկուսը փոխել են իրենց պորտֆելները։ Կաբինետի երդմնակալության արարողությունը կայացել է երկուշաբթի օրը Կանբերրայում։

 

Թյորնբուլն իր աշխատանքը երկրի վարչապետի պաշտոնում սկսել է անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ իշխող Լիբերալ կուսակցությունն արտահերթ ընտրություններ է անցկացրել։