Իրանն ԱԷՄԳ-ի մասնագետներին է փոխանցել Պարչինում ռազմական օբյեկտից նմուշները

14:06 • 21.09.15

Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետներին է փոխանցել մայրաքաղաք Թեհրանից 30 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Պարչինի ռազմական օբյեկտից նմուշները։ Այդ մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, գրում է РИА Новости-ն:

 

«Իրանցի փորձագետները նմուշներ են վերցրել Պարչինում գտնվող օբյեկտների հատուկ հատվածներից՝ ԱԷՄԳ-ի տեսուչների բացակայությամբ: Նրանք հետևել են կանոններին և ստանդարտներին, նմուշները փոխանցվել են ԱԷՄԳ-ի փորձագետներին»,- հայտարարել է Քամալվանդին:

 

Պաշտոնյան չի բացառել, որ փորձագետները կկարողանան ներկա լինել օբյեկտում, երբ իրանցի մասնագետները նոր նմուշներ վերցնելիս լինեն։

 

Գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն կիրակի օրն այցելել է Պարչինում գտնվող օբյեկտ, ուր Իրանը երկար ժամանակ մուտքի թույլտվություն չէր տալիս գործակալության ներկայացուցիչներին: