Իրանն ու ԱՄՆ-ն արել են երկու երկրների միջև առկա թշնամանքը նվազեցնելուն ուղղված առաջին քայլերը. Ռոհանի

14:40 • 21.09.15

ԱՄՆ-ն և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելուց հետո արել են առաջին քայլերը՝  երկու երկրների միջև առկա թշնամանքը նվազեցնելու համար։

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

 

«Կարևորն այն է՝ ո՛ր ուղղությամբ ենք մենք շարժվում: Շարժվում ենք մենք թշնամանքը խստացնելո՞ւ, թե՞ նվազեցնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ մենք արել ենք առաջին քայլերը՝ թշնամությունը նվազեցնելու ուղղությամբ»,-ասել է Ռոհանին։

 

Նա, սակայն, նշել է, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը՝ «տարաձայնությունները, երկկողմ հարաբերություններում վստահության բացակայությունն առաջիկայում չեն անցնի»։

 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նաև ասել է, որ մարդկանց խումբը, որը Թեհրանում «մա՛հ Ամերիկային» է բացականչում, իրականում վատը չի կամենում ամերիկացիներին։  Նրա խոսքով՝ այդ կարգախոսները, որոնք հաճախ հնչեցվում են ուրբաթօրյա աղոթքների ժամանակ, վերաբերում են ԱՄՆ-ի վարած նախկին քաղաքականությանը։