Ուկրաինայի բանակը հայտնել է հակաահաբեկչական գործողությունում զոհերի վերջին թվերը
Ղրիմի կոնֆլիկտի և հակաահաբեկչական գործողություն սկսելուց ի վեր Ուկրաինայի կողմի զոհերի թիվը կազմել է 1915 մարդ, նրանցից՝ 1757-ը մարտական: Այդ մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի գլխավոր վարչության ղեկավար Իգոր Վորոնչենկոն, գրում է korrespondent.net-ը:
«Սանիտարային կորուստները կազմել են 7053 մարդ, նրանցից մարտական՝ 5747 մարդ»,- ասել է նա և ավելացրել, որ անհետ կորած է համարվում այսօրվա դրությամբ Ուկրաինայի զինված ուժերի 271 զինծառայող: «Դժբախտաբար, այսօրվա դրությամբ 76 զինծառայող գերի է»,- հավելել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ Դոնբասում կոնֆլիկտի ընթացքում 2014 թվականի ապրիլի կեսերից մահացել է մոտ 8 հազար մարդ: Վնասվածքներ է ստացել մոտ 18 հազար քաղաքացի:










