Նոր Զելանդիայում որոշել են չքնեցնել կնոջ մահվան պատճառ դարձած վագրին
Նոր Զելանդիայի Համիլթոն քաղաքի կենդանաբանական այգու ղեկավարությունը որոշել է չքնեցնել Օզ մականունով Սումատրայից վագրին, որը նախօրեին հարձակվել էր կենդանաբանական այգու աշխատակցուհու վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ղեկավարության ներկայացուցչի խոսքով՝ վագրին չեն քնեցնի, քանի որ այն հատուկ նշանակություն է ներկայացնում այդ կենդանիների թվաքանակի աճի ծրագրի համար։
Սեպտեմբերի 20-ին Օզի ճանկերից մահացած 43-ամյա Սամանթա Կուդևեն երկու երեխաների մայր էր: Նա զբաղեցնում էր կենդանաբանական այգու ղեկավարի տեղակալի պաշտոնը: Այգում աշխատում էր նաև նրա ամուսինը։
Ղեկավարությունը չի բացահայտել կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի մանրամասները, բայց նշել է, որ վագրին չքնեցնելու որոշումը կոլեկտիվ է կայացվել: Դեպքի պատճառով կենդանաբանական այգին փակ է լինելու մինչև հինգշաբթի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոր Զելանդիայում կենդանաբանական այգում վագրը հարձակվել է աշխատակցուհի Սամանթա Կուդևեի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է։










