Ըտենց, դեմ եմ և վերջ. Հայկ Խաչատրյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին
‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության անդամ, նույնանուն խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը դեմ է քվեարկելու Սահմանադրական բարեփոխումների նախագծին, չնայած, խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել այս բարեփոխումներին: Թե ինչո՞ւ է ԲՀԿ-ական պատգամավորը շեղվում խմբակցության որոշումից, Հայկ Խաչատրյանը դժվարանում է մեկնաբանել՝ շարունակ նշելով. ‹‹Ըտենց, դեմ եմ և վերջ, էդքան բան...››: Միաժամանակ Հայկ Խաչատրյանը վստահեցրեց, որ իր քվեարկության հետևանքով ոչ ինքը դուրս կգա ԲՀԿ-ից, ոչ էլ իրեն կպարտադրեն վայր դնել պատգամավորական մանդատը: ‹‹Իմ կարծիքն ա, բա ինչ: Ես կարա՞մ իրանց կարծիքը հարցնեմ, իրանք չե՞ն կարա իմ կարծիքը հարցնեն››:
- Մի քանի օր շարունակ խորհրդարանում քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որին Ձեր խմբակցությունը կողմ է քվեարկելու: Դուք չեք մտափոխվե՞լ:
- Ոչ, չեմ փոխել կարծիքս, ես դեմ եմ քվեարկելու:
- Ինչո՞ւ:
- Ըտենց, դրանից ավելի բան չեմ էլ ասելու:
- Կարո՞ղ եք ներկայացնել փաստարկներ՝ ինչո՞ւ եք դեմ:
- Չէ էլի, դեմ եմ և վերջ, էդքան բան: Հերիք է:
- Սահմանադրական բարեփոխումների նախագիծը կարդացե՞լ եք:
- Անպայման:
- Ո՞ր հոդվածի հետ համաձայն չե՞ք:
- Ինձ թվում է՝ կառավարման մեխանիզմները ճիշտ չեն, ոչ մի երկրում դա փորձած չէ:
- ‹‹Ոչ››-ի ճակատին չե՞ք միանալու:
- Հիմա չեմ ուզում հարցազրույց տամ... ուղղակի կարող եմ ասել, որ իմ կարծիքը չի փոխվել՝ դեմ եմ, դեմ քվեարկելու եմ: Բայց դեռ չեմ որոշել՝ կմիանամ թե չէ:
- Խմբակցությունում ինչպե՞ս են վերաբերում, որ Դուք դեմ եք քվեարկելու:
- Շատ նորմալ:
- Ձեզ չե՞ն փորձել համոզել կողմ քվեարկել:
- Չէ հա, հո աղջիկ չենք համոզեն: Կարծիքս ա:
- ԲՀԿ-ում կա՞ն պատգամավորներ, ովքեր դեմ են քվեարկելու:
- Ճիշտն ասաց սկի չգիտեմ էլ: Կարդացի, որ Օսկանյանը դեմ ա, մենակ էդ գիտեմ:
- Խմբակցության նիստերին էլ չեք մասնակցում: ԲՀԿ-ի հետ Ձեր քաղաքական գաղափարները այլևս չե՞ն համընկնում:
- Չէ, գնում եմ, ո՞վ ասեց, որ չեմ գնում: Մի օր չեմ մասնակցել, գործ ունեի, թե չէ...
- Պարոն Խաչատրյան, ի վերջո, հասարակությունը ինչո՞ւ պետք է ‹‹Ոչ›› ասի այս փոփոխություններին:
- Դե որովհետև ուրիշ խնդիրներ կան, ոչ թե Սահմանադրությունը փոխելը: Արտագաղթի դեմը թող առնեն, ուրիշ բաներ էլ կան, թող դրանք անեն...
- ԲՀԿ խոսնակը հայտարարել է, որ երբ կա կուսակցության որոշում, դրան պարտավոր են ենթարկվել բոլորը: Սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկելուց հետո հնարավո՞ր է լքեք ԲՀԿ-ն:
- Չէ, չէ... հաստատ չէ:
- Գուցե դրանից հետո ԲՀԿ-ն ստիպի Ձեզ վայր դնել մանդատը՝ խմբակցության որոշումից շեղվելու համար:
- Չէ, չէ...
- Վստահ եք, որ կուսակցությունը նորմալ կընդունի՞:
- Հա, իմ կարծիքն ա, բա ինչ: Ես կարամ իրանց կարծիքը հարցնեմ, իրանք չեն կարա իմ կարծիքը հարցնե՞ն:










