Ամերիկացի գործարարը վարակված գետնանուշի վաճառքի համար 28 տարվա ազատազրկման է դատապարտվել
ԱՄՆ Ջորջիա նահանգում գետնանուշի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատերը 28 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նրան մեղավոր են ճանաչել սալմոնելլայի տարածման համար, ինչի հետևանքով 9 մարդ մահացել է, հարյուրավորները՝ հիվանդացել։
61-ամյա Սթյուարտ Փարնելը, որը ղեկավարել է Peanut Corporation of America ընկերությունը, ու նրա եղբայրը՝ 56-ամյա Մայքլ Փարնելը, որը վաճառել է ընկերության արտադրանքը, 2014 թվականին մեղավոր էին ճանաչվել վարակված գետնանուշի իրացման համար։
Մայքլ Փարնելը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Եվս մի մեղադրյալ՝ 41-ամյա Մերի Ուիլքերսոնը, որը որակի վերահսկման տնօրենն է եղել գործարանում, 5 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ Փարնել եղբայրները թաքցրել են սալմոնելլայի առկայությունն ընկերության արտադրանքում։ Նրանք կեղծ փաստաթղթեր են պատրաստել, որում նշվել է արտադրանքի անվտանգության մասին, չնայած լաբորատոր փորձաքննության արդյունքներն այլ են եղել։
Փարնելների համար դատավարության ամենաանցանկալի ելքի դեպքում Սթյուարտը կարող էր դատապարտվել ցմահ ազատազրկման, իսկ եղբայրը բանտում կանցկացներ 24 տարի։
Դատական նիստի ընթացքում Սթյուարտը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ ու հայտարարել, որ տեղի ունեցածն իր և իր ընտանիքի համար «մղձավանջ» է դարձել։










