Եթե գազի գնի բաղադրիչներից մեկը փոփոխության է ենթարկվում, ապա սակագինը պետք է վերանայվի. Արամ Մանուկյան

21:46 • 22.09.15

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արման Մանուկյանի համոզմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է սահմանի գազի գնի իջեցման ժամանակ գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնել:


Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ չներկայացնելով նման հայտ՝ խախտել են օրենքի դրույթները:  


«Կա այսպիսի որոշում` 2004 թ-ի դեկտեմբերի 21-ին հաստատված 168 որոշում, որի 4.4 կետում ասվում է, որ եթե գազի գնի կոմպոնենտներից մեկը փոփոխության ենթարկվի, ապա սակագինը պետք է վերանայվի: Գազի գնի կոմպոնենտներ են համարվում` գազի գինը սահմանին, կորուստներ, ամորտիզացիա, ավելացված արժեքի հարկ և այլն: Հիմա ռուսները գազի գինը սահմանին 189 դոլարից դարձրել են 165 դոլար, այսինքն` գազի ամենամեծ կոմպոնենտը ` գազի գինը սահմանի վրա իջել է 25 դոլարով և սակագինը պարտադիր պիտի վերանայվեր: Ես իմ կամքը չեմ ասում, այլ հենց Ռոբերտ Նազարյանի կողմից հաստատված օրենքը, քանի որ պարտադիր է գազի գնի վերանայումը և 165 դոլարի գնի համարժեք հաստատումը»,- ասաց նա: 


Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կարող է գազի գինն  անփոփոխ թողնել՝ հիմնավորելով դոլար-դրամ փոխարժեքի տատանումների կորուստներով, սակայն հավելեց, թե նախ պետք է սակագինն իջեցներ, հետո, եթե թանկացման համար այլ հիմնարար գործոն կար` թանկացներ: