Էրդողանը մեկնում է Մոսկվա` մզկիթ բացելու, օրակարգում Սիրիան է. թուրքագետ

10:29 • 22.09.15

ՌԴ աշխատանքային այցով այսօր մեկնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնհայտ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է Սիրիայի հարցը, թեև կան նաև էներգետիկ հարցեր: Tert.am –ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` անդրադառնալով Մոսկվայում մզկիթի բացման արարողությանը մասնակցելու առիթով Թուրքիայի նախագահի այցին:

 

«Ակնհայտ է, որ լուրջ հիմնախնդիրներ կան սիրիական ճգնաժամի հետ կապված, որը երկու երկրների համար խիստ կարևոր դեր ունի, և այն հակասություններում, որ կան երկու երկրների միջև, Սիրիան առանցքային դերակատարություն ունի»:

 

Թուրքագետը հավելեց, որ երկու երկրների համար առաջնահերթ են նաև «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ անորոշությունները: Դրանք, ինչպես նաև աշխարհաքաղաքական հակասությունները, ըստ Լևոն Հովսեփյանի, անհրաժեշտ են դարձրել, որպեսզի Մոսկվան ու Անկարան ինչ-որ հարցերի շուրջ հստակություններ մտցնեն: «Բայց չեմ կարծում, որ այդ հանդիպումները էապես բան կփոխեն»,-ավելացրեց թուրքագետը:

 

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ, ռուս-թուրքական հարաբերություններում լուրջ լարվածություն էր առաջացել, երբ ամենաբարձր` երկու երկրների նախագահների մակարդակով բազմաթիվ կոպիտ  արտահայտություններ ու հայտարարություններ հնչեցին: Մասնավորապես, երբ Թուրքիայի նախագահը մշտապես հայտարարում էր Ղրիմի բռնակցման մասին, իսկ թուրքական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչն էլ  հայտարարում էր, թե Ռուսաստանի դիրքորոշման և Բաշար Ասադին Ռուսաստանի աջակցության պատճառով է, որ սիրիական հակամարտությունը դեռ շարունակվում է,  ռուսական ԶԼՄ-ները` կրեմլյան աղբյուրին հղումով տեղեկացրեցին, որ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր .«Ուրեմն փոխանցեք ձեր բռնապետ նախագահին, որ ես նրան` ԻՊ ահաբեկիչների հետ միասին գրողի ծոցը կուղարկեմ, ինձ այլ բան չի մնա, քան Սիրիան վերածել մեծ Ստալինգրադի Էրդողանի համար»:


Հաշվի առնելով այդ բոլորը. Լևոն Հովսեփյանը նորից կրկնեց. «Հակված չեմ կարծելու, որ Էրդողանի այցը Մոսկվա և բանակցությունները կհարթեն այն դիմակայությունը, որ երկու երկրների հարաբերություններում լրջորեն զգացվում է»: