Աշխարհի ամենածեր պանդաներից մեկը նշել է իր 30-ամյակը

14:17 • 22.09.15

Պան Պան մականունով աշխարհում ամենածեր որձ պանդան երկուշաբթի օրը Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի պանդաների պաշտպանության կենտրոնում նշել է իր երեսունամյակը, հաղորդում է РИА Новости-ն։

 

Պանդային շնորհավորել են կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները: Հոբելյարին նվիրել են եռաշերտ սառցե տորթ՝ զարդարված գազարի կտորներով: Տորթն ուտելուց առաջ Պան Պանը պտտվել է տորթի շուրջ՝ հավանաբար երազանք պահելու համար։

 

«Պան Պանն իրեն լավ է զգում, բայց նրա կաշին կախվել է, իսկ մկանները՝ թուլացել։ Մենք չենք արհամարհում ծեր կամ հիվանդ պանդաներին: Մենք շարունակում ենք նրանց մասին հոգ տանել և փորձում ենք նրանց համար երջանիկ կյանք ապահովել»,- ասել է պանդաների պահպանության և հետազոտության կենտրոնի ներկայացուցիչ Վեյ Ռոնգպինգը։

 

Նա պատմել է հյուրերին, որ հոբելյարը «պանդաների աշխարհում հերոս հայր է»: Նա աավելի քան 130 ձագ ունի, ինչն անազատության մեջ ծնված պանդաների մեկ քառորդ մասն է կազմում։