Ազատամարտիկին ծեծողների թվում, ըստ նրա, եղել է ՀՖՖ նախագահի թիկնազորի նախկին անդամը
Նախօրեին Երևանի Աբովյան փողոցում դաժանորեն ծեծված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկողներին թվում եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի նախկին անդամ ոմն Տիգրանը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող նախկին ազատամարտիկը, ով կատարվածի առնչությամբ հանդես եկավ հայտարարությամբ:
«Ես ոտքով քայլել եմ Աբովյան փողոց, «Մարկո պոլո» սրճարանի մոտ , այնտեղ շինարարություն են անում, ցանկապատներ են կապած, այնտեղ ես նկատեցի, որ երբ Մելիք Ադամյանից շարժվում էի, պատի կողմից ինձ հետ 3-4 հոգի շարժվեցին` ոտքով: Մեկը ձայնեց, շուռ եկա, տեսա` իրենք են ... բա «Սմբատ, բան եմ ուզում ասել, հարմար չէր» ու ձեռքով կամաց-կամաց հրում է դեպի մետաղյա դարպասից ներս: Ասի, որ ասելու բան կա … զգում եմ: Հրեցին դարպասից ներս, այնտեղ մի անձնավորության տեսա, որին երկար տարիներ ճանաչում եմ, վաղուց չէի հանդիպել, անունը Տիգրան է, նախկինում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում էր»,-մանրամասնեց ազատամարտիկը, ով երեկ նա մասնակցել էր իշխանափոխության պահանջով դեպի Հանրապետական կուսակցության գրասենյակ կատարված երթին` ոստիկանության ուղեկցությամբ:
Սմբատ Հակոբյանը նշեց, որ իրեն ծեծել են 4-5 հոգով, չնայած` «տղավարի» ինքն էլ պակաս չի մնացել:
Ինչ վերաբերում է նրան, որ արդյո՞ք սա քաղաքականացված հաշվեահարդար է, ապա նախկին ազատամարտիկը հայտարարեց, որ «Հայրապետյան Ռուբենի հետ որևէ բան տալու-առնելու» չունի, չի ունեցել, չի եղել որևէ վիճաբանություն: Բացառությամբ, որ մոտ 3 ամիս առաջ «զուտ քաղաքական թեմաներով» Սմբատի ու Հայրապետյանի միջև գիշերով բանավեճ է եղել, որի ժամանակ ՀՖՖ նախագահը ըստ Սմբատ Հակոբյանի` իրեն ասել է`«սպասիր, կտեսնես»:
Սա փաստ է, թե ոչ, Սմբատ Հակոբյանը չի կարող ասել է, բայց ասում է, որ փաստ է այն, որ իրեն ծեծած Տիգրանին ճանաչում է որպես Հայրապետյանի թիկնազորի անդամ:
Նախկին ազատամարտիկը հավելեց, որ իրեն ծեծած քաղաքացիական անձինք իրեն որևէ վկայական ցույց չեն տվել, տեղյակ է, սակայն, որ մի լրագրող երիտասարդ տղա` նկատելով, որ իրեն հրել են դարպասներից ներս փորձ է օգնել իրեն, սակայն նրան ծեծողներն ասել են, որ ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացնում:










