ՌԴ միջամտությունը բարդացրել է Սիրիայում տիրող իրավիճակը. Բրիտանիայի ՊՆ
Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հետ չի քննարկում Սիրիայում ռազմական գործողությունները և ասում է, որ ՌԴ-ի միջամտությունը միայն բարդացրել է իրավիճակը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Մենք չենք քննարկել ՌԴ-ի հետ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունները»,- հայտնել է նա:
Ֆելոնի պնդմամբ՝ «Ռուսաստանի գործողությունները վերջին մի քանի շաբաթների ընթացքում, երբ նա տարածաշրջան նավեր և ինքնաթիռներ է ուղարկել, ակնհայտորեն է՛լ ավելի են բարդացրել առանց այդ էլ ծանր իրավիճակը»:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ ՌԴ-ն Սիրիայում 28 կործանիչ և ռմբակոծիչ է տեղակայել։ Բացի այդ, հաղորդվել է, որ Ռուսաստանը երկու հազար զինծառայող է ուղարկելու սիրիական նավահանգստային Լաթաքիա քաղաքի մոտակայքում գտնվող բազա։
Ավելի վաղ ԱՄՆ-ն նախազգուշացրել է Սիրիայում ՌԴ-ի ռազմական ակտիվության մասին։
Պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ Ռուսաստանի կողմից Ասադի ռեժիմին աջակցությունը կարող է ջիհադականների թվի ավելացման հանգեցնել։










