«Բարգավաճ Հայաստան»–ը կողմ կքվեարկի սահմանադրական փոփոխություններին. Վ. Բաբայան

12:19 • 22.09.15

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քննարկումներն ավարտվել են: Կա կուսակցության և խմբակցության որոշում՝ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումներին կողմ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

 

«Այնպես չէ, որ մենք միանգամից ենք որոշել «այո» ասել: Դեմ լինելու կամ չսատարելու որևէ փաստարկներ չկան, մենք բազմաթիվ քննարկումների ենք մասնակցել, և բոլոր դրույթները, որոնք վերաբերում են պետության կառավարմանը, որոնք եղել են ԲՀԿ-ի ծրագրային դրույթներից մեկը, տեսանք, որ իշխանությունը գնաց այն քայլին, որ այսուհետ Ազգային ժողովը կձևավորվի միայն մեծամասնական կարգով»,- ասաց Վահան Բաբայանը՝ նշելով, որ սա պատմական իրողություն է:

 

Այդուհանդերձ, պատգամավորն ասաց, թե աշխարհում իդեալական սամանադրություններ չկան, իդեալական չէ նույնիսկ ԱՄՆ-ի սահմանադրությունը:

 

«Մայր օրենքը մի բան է, որից հետո բխելու են տարբեր օրենսդրական փոփոխություններ խորհրդարանում: ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ այնպիսի օրենքներ ընդունելի դարձնի, որպեսզի հասարակությունն իր մաշկի վրա զգա այդ փոփոխությունների կարևորությունը և անհրաժեշտությունը»,-ասաց Վահան Բաբայանը:
 

Նրա խոսքով՝ նոր սահմանադրությամբ խորհրդարանն ստանձնելու է շատ ավելի կարևոր դեր, քան մինչ այս ունեցել է: