Եգիպտոսի նախագահը համաներում է շնորհել 100 կալանավորի, այդ թվում՝ Al Jazeera-ի լրագրողին

17:24 • 23.09.15

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին համաներում է շնորհել 100 կալանավորի, այդ թվում՝ Al Jazeera հեռուստաալիքի լրագրողին, գրում է gazeta.ru-ն։

 

Նշվում է, որ նախագահը համաներում է շնորհել լրագրող Մուհամեդ Ֆահմիին, ով դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։

 

Եգիպտոսի նախագահը չորեքշաբթի օրը ստորագրել է 100 կալանավորի վաղաժամ ազատման մասին հրամանագիրը մահմեդական զոհաբերության տոնի առիթով։ Համաներում շնորհվածների ցանկում է հայտնվել կանադական ծագմամբ լրագրողը, ով դատապարտվել էր կեղծ տեղեկություններ տարածելու համար:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն հիասթափված և մտահոգված է Al Jazeera հեռուստաալիքի լրագրողների նկատմամբ Եգիպտոսի դատարանի վճռով։ ԱՄՆ-ն կոչ է արել Եգիպտոսի կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները դատավճիռը փոխելու համար, «որը վտանգում է կայունության և զարգացման համար անհրաժեշտ կարծիքի արտահայտման ազատությունը»։