Դժվար թե հնարավոր լինի Սևանից լրացուցիչ ջուր տանել Իրան՝ Ուրմիա լիճ. Կարինե Դանիելյան

21:32 • 23.09.15

Բնապահպան, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամ Կարինե Դանիելյանը պատասխանելով Tert.am-ի հարցին, թե տեսականորեն հնարավոր է համարում, որ Սևանից լրացուցիչ ջուր տանեն Իրան՝ Ուրմիա լիճ, ինչի մասին ժամանակ առ ժամանակ հայտարարում են իրանական լրատվամիջոցները՝ Կարինե Դանիելյանը պատասխանեց, թե դժվար հնարավոր լինի:


«Եթե Սևանից լրացուցիչ ջուր պետք է վերցնեն մենք՝ հանձնաժողովը, հաստատ դա թույլ չենք տա, այլ բան է, որ այն ջուրը, որ գնում է Արաքս, որ մենք չենք օգտագործում, դրա շուրջ լինի պայմանավորվածություն, բայց այդտեղ էլ պետք է նաև Ադրբեջանի հետ պայմանավորվեն»,-ասաց նա:


Հիշեցենք, որ Իրանի պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ Ուրմիա լճի բնապահպանական խնդիրների լուծման նպատակով Վրաստանից ու Հայաստանից ջուր կտարվի Իրան, Հայաստանից կտարվի Սևանի ջուրը:


Դանիելյանը այդուհանդերձ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանից հետաքրքրվել է, թե որքանով է համապատասխանում իրականությանը տեղեկատվությունը:  


«Ինքն ասաց, որ չի կարող նման բան պատահել, բայց հարցին վերջնական պատասխան տալու համար կհետաքրքրվի կառավարությունից»,- ասաց նա:


Իսկ մինչ այդ, Կարինե Դանիելյանը հարցը նաև բարձրացրել է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստին, որտեղ, ըստ նրա, իր վրա ծիծաղել են, թե ինչպես կարող է հավատալ նման ստահոդ տեղեկությունների:


Լուրը հերքել էր նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը, որտեղից անհեթեթություն են որակվել իրանական ԶԼՄ-ներում տարածված այս լուրը: Նախարարությունից հավատացրել են, որ Սևանի ջրի մակարդակի բարձրացման համար մեծ ջանքեր են գործադրվում, և բացառվում է նման համաձայնությունը: