Թուրքիայում նոր նախարարներ են նշանակվել
Թուրքիայի կառավարության երկու հրաժարական տված անդամների փոխարեն այսօր նոր նախարարներ են նշանակվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Քրդամետ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ նախարարներ Ալի Հայդար Քոնջան ու Մյուսլիմ Դողանը հրաժարական էին տվել՝ բողոքելով երկրի հարավ-արևելքում բռնությունների աճից։
«Համաձայն Թուրքիայի սահմանադրության՝ հրաժարական տված նախարարների փոխարեն ԵՄ հարցերով նախարար է նշանակվել Բերիլ Դեդեօղլուն, իսկ զարգացման նախարար՝ Ջունեյթ Դյուզյոլը»,-ասված է կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Դեդեօղլուն Ստամբուլի Գալաթասարայ համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ղեկավարն է՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով:
Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կուսակցությանը չէր հաջողվել մեծամասնություն դառնալ և կառավարություն ձևավորել։
Կոալիցիոն կառավարություն ստեղծելու բանակցությունները ևս ապարդյուն էին անցել։ Թուրքիայում նոյեմբերին նոր խորհրդարանական ընտրություններ են կայանալու, սակայն մինչ այդ ժամանակավոր կառավարություն է ձևավորվել, որում ներառված են նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։










