ՀՀ-ն սկսել է բարձրացնել նաև Սիրիայի քաղաքացիներին ապաստան տալու համար օգնություն տրամադրելու հարցը. Ֆիրդուս Զաքարյան

18:13 • 23.09.15

Սիրիայում հրետակոծությունների ավելացմանը զուգահեռ ՀՀ իշխանությունները ակտիվացրել են բանակցությունները միջազգային կառույցների հետ և սկսել են բարձրացնել օգնություն հատկացնելու հարցը:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը՝ մանրամասնելով. «Մենք օտարերկրյա կառույցների հետ մեր բանակցություններում նման խնդիրներ դրել ենք: Եվ մենք էլ սպասում ենք, որ արդեն Հայաստանին որոշակի օգնություններ կտրամադրվի»:

 

Քննարկումները արվել են ՄԱԿ-ի կառույցների և ՀՀ-ում առանձին երկրների դեսպանների, այդ թվում՝ նաև Եվրամիության հետ:

 

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը պլանավորում է սիրիացի փախստականների օգնության ֆոնդի ծավալները հասցնել 1 մլրդ եվրոյի, ինչի  մասին Բրյուսելում հայտարարել է ընդլայնման և  հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:

 

Հիշեցնենք նաև, որ Հայաստանը իր տարածքով Սիրիայի քաղաքացիներին ապաստան տված քաղաքացիների առումով երրորդ երկիրն է:

 

Tert.am-ը փորձեց պարզել, թե ինչ վիճակ է Սիրիայում, հատկապես, որ «արևելքի»` Հալեպի  աղբյուրները հայտնում են, «Նոր գյուղ» հայաբնակ շրջանը ծանր ռմբակոծման թիրախ է դարձել և Հալեպում կան ազգությամբ հայ առևանգվածներ։

 

Հալեպի Հայոց առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը  Tert.am-ին հայտնեց. «Մինչև երեկ երեկոյան գիտեմ, որ հայուհի մը կար, որ կփնտրվեր, որ դուրս էր եկել տանից և չէր վերադարձել: Եվ տակավին ստուգման կարիք ունի: Ինչ վերաբերում է երկու հայերին, ապա նրանց հետ կատարվել է ոչ Հալեպում, այլ դեպի Լիբանան ճանապարհին, երբ փոքր ինքնաշարժով ճամփորդելիս են եղել»։