Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արմեն Մովսիսյանի հոգեհանգստյան արարողությունը (լուսանկարներ)
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ուր անցկացվեց ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հոգեհանգիստը, ներկա էր ՀՀ քաղաքական ողջ վերնախավը. ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ, Արցախի վարչապետ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, նախարարներ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահն ու տեղակալները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, պատգամավորներ և այլք:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, 53 տարեկան հասակում իր մահկանացուն կնքած Արմեն Մովսիսյանը կառավարության ամենաերկարամյա նախարարն էր, որը անկախության առաջին տարիներից ղեկավարում էր Էներգետիկայի նախարարությունը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով Արմեն Մովսիսյանի գործունեության մասին, նշեց, որ մեծ է Արմեն Մովսիսյանի վաստակը Հայաստանի էներգետիկ հաջողությունների գործում:
«Արմեն Մովսիսյանը շատ ապացուցելի առաջխաղացում ունեցավ, որովհետև այնպես չէր, որ միանգամից կարող էր նախարարի պաշտոն ձեռք բերել, և որպես էներգետիկայի նախարար, այդ ոլորտում բարձր դիվանագիտական կարողություններ ցուցաբերեց: Առավել ևս հայ-պարսկական հարաբերությունները խորացան, երբ միջկառավարական հանձնաժողովի նախագահն էր ՀՀ-ից կողմի»,- նշեց Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահը մարդկային բարձր հատկանիշներով որակեց Արմեն Մովսիսյանին՝ նրան բնութագրելով որպես աշխատասեր, ընկերասեր մարդ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ իր խոսքում նշեց, որ երկար տարիներ աշխատել է Արմեն Մովսիսյանին հետ ու բազում գործեր իրականացրել նրա հետ միասին:
«Դժվար է այսօր վերհիշել կատարվածը, ավելի շատ կարելի է խոսել նրա մարդկային հատկանիշներից, որոնք շատ բարձր եմ գնահատում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
ՏՄՊՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ լրագրողների հետ զրույցում այսպես գնահատեց Արմեն Մովսիսյանի վաստակը. «Սկսած ազատամարտի տարիներից մեծ նպաստ բերեց ազատամարտին, հետո՝ պետությանը: Ես իր աշխատանքը շատ բարձր եմ գնահատում»:
Արմեն Մովսիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 25-ին՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում:
.jpg)


.jpg)













