Քաղհասարակությունը քննարկում է նոր Սահմանդրության նախագիծն ու առաջարկում այն քվեարկության դնել մաս-մաս
«Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. հանրաքվե–արտահայտվելու ազատությունը» խորագրով այսօր հանրային քննարկում էր հրավիրվել: Թեև քննարկմանը հրավիրված էին ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցություններ ու միջազգային կազմակերպություններ, սակայն ներկա էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ միայն:
Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ դժգոհ է քննարկումներից այն իմաստով, որ բոլոր քննարկումները քաղաքական մասով են, մինչդեռ մարդու իրավունքների մասով քննարկումները, ըստ նրա, ոչ պատշաճ մակարդակով են արվում:
«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով հավաքվել ենք քաղաքական հարցերի շուրջ է գնում քննարկումը՝ ուշադրություն չդարձնելով մարդու իրավունքների ու ազատությունների հետ կապված հարցերը: Եկեք հրշեջի չնմանվենք, երբ ինչ խոսում ենք՝ միայն քաղաքական մասով է՝ կայուն մեծամասնություն, կառավարման ձև, երկրորդ փուլ և այլն: Եկեք մարդու իրավունքներից խոսենք՝ մասնավորապես երկրորդ գլխից»,-առաջարկեց նա:
Ըստ նրա՝ մասնավորապես երկրորդ գլուխը բավական թերություններ ունի, որոնք ծածկում են սահմանադրական նախագծի առավելությունները: Հայկ Ալումյանի առաջարկն է, Սահմանադրությունը քվեարկության դնել մաս-մաս, քանի որ, ըստ նրա, կետեր կան, որոնց ինքը կողմ է, և ճիշտ հակառակը:
«Ես չեմ եկել, որ ապացուցեմ, որ անցումը խորհրդարանական կառավարմանը լավ մոդել է, կամ վատ, եկել եմ բոլորովին ուրիշ հարցադրումերով: Ես կարող եմ համարել, որ դա լավ մոդել է և կարող եմ դրա օգտին քվեարկել, բայց սեփականության օգտին ես չեմ ուզում քվեարկել»,-ասաց նա և հավելեց, թե ինչու պետք է մեկ նախագծով ընդհանուր գնահատական տան և ասեն այո կամ ոչ:
Ներկաներից մեկը նկատեց, թե մաս-մաս քվեակության դնելու գաղափարին սատարելով, այդուհանդերձ, ցանկանում է իմանալ, թե այդպիսի փորձ կա՞, թե ոչ: Հայկ Ալումյանը նշեց, թե մեծ մոնիտորինգ չի արել, բայց ըստ նրա, եթե այդպիսի երկիր չլիներ էլ, ապա մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը թելադրում է մարդն ազատորեն իր կամքն արտահայտի:










