Կադիրովն ասել է, որ նախանձում է Մեքքայում մահացածներին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ նախանձում է Մեքքայի մոտ Մինա հովտում հաջի ժամանակ մահացածներին, քանի որ նրանք մահացել են մահմեդականների համար սուրբ վայրում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Նրանք մահացել են ամենասուրբ օրը, մահմեդականների համար ամենասուրբ վայրում, այդ պատճառով նրանք շատ երջանիկ մարդիկ են, մենք նրանց նախանձում ենք»,- ասել է նա:
Կադիրովի խոսքով՝ Մինայում տեղի ունեցածը կարելի է բնութագրել որպես ողբերգություն, բայց, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր մահմեդական, ով հաջ է կատարում Սաուդյան Արաբիայում, երազում է մահանալ այնտեղ:
«Ալլահը ներում է բոլոր նրանց մեղքերը, ովքեր մահացել են՝ հաջ կատարելով: Յուրաքանչյուր մահմեդական երազում է տեսնել Ալլահին: Այսինքն՝ դա և՛ ողբերգություն է, և՛ մեծ նվեր Ալլահից»,- ասել է Չեչնիայի ղեկավարը:
Մինա հովտում հրմշտոցը տեղի է ունեցել հինգշաբթի՝ Կուրբան-բայրամի առաջին օրը։ Միջադեպի հետևանքով մահացել է առնվազն 450 մարդ, ևս մի քանի հարյուր ուխտավոր ստացել են վնասվածքներ։










