Լուսանկարիչն իր լուսանկարի «շնորհիվ» մոտ 16.000 դոլար է նվիրաբերել բարեգործությանը (լուսանկարներ)
Լուսանկարիչը խոստացել է ամեն անգամ 3 դոլար նվիրաբերել բարեգործությանը, երբ համացանցում մարդիկ կկիսվեն իր հարսանեկան լուսանկարով։ Լուսանկարն անսպասելիորեն մեծ տարածում է գտել համացանցում, և նա բարեգործությանն է ուղղել մոտ 16.000 դոլար, գրում է The Daily Mail-ը:
Լուսանկարում Ինգրիդ Վուդի և Ռոս Ուեբերգենգի հարսանյաց օրն է: Լուսանկարներն արվել են արևմտյան Քվինսլենդում գտնվող իրենց հայրենի քաղաքում։
Հարսանիքից մեկ շաբաթ առաջ Վուդի ընտանիքը ստիպված է եղել հեռացնել իրենց անասուններին 16.000 հեկտար սեփականության տարածքից՝ երաշտից առաջացած ֆինանսական վատ վիճակի պատճառով։
Վուդի խոսքով՝ ընտանիքը չէր կարող այլևս իրեն թույլ տալ կերակրել անասուններին, ինչը ցավալի փաստ է նրանց համար, քանի որ նրանք չորրորդ սերունդն են, որ ապրում են այդ տարածքում: Բացի այդ, պարզ չէ, թե երբ կավարտվի երաշտը:
Ընտանիքի ծանր վիճակը ոգեշնչել է հարսանեկան լուսանկարիչ Էդվինա Ռոբերթսոնին տարածել խնդրի մասին իրազեկվածությունը Facebook-ի իր ընկերների շրջանում: Նա խոստացել է 3 դոլար նվիրաբերել բարեգործական կենտրոնին ամեն անգամ, երբ նորապսակների լուսանկարը կտարածվի համացանցում։
Լուսանկարն անակնկալ կերպով մեծ տարածում է գտել, և Ռոբերթսոնն անձամբ նվիրաբերել է 14.922 դոլար։ Մինչ այժմ ավելի քան 16.600 դոլար է հավաքվել նվիրատվության համար այն բանից հետո, երբ այլ մարդիկ նույնպես սկսել են գումար նվիրաբերել։
Լուսանկարիչը պատմել է, որ անգամ երազում չէր կարող պատկերացնել, որ լուսանկարը 4.974 անգամ կտարածվի համացանցում:


























