Պորոշենկոն մեկնաբանել է Սաակաշվիլիին վարչապետ նշանակելու մասին խնդրագիրը

13:07 • 24.09.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արձագանքել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին երկրի վարչապետ նշանակելու վերաբերյալ խնդրագրին և բացատրել՝ ինչու քաղաքացիների այդ նախաձեռնությունը չի կարող կատարվել, փոխանցում է Обозреватель-ը։

 

Նախագահը բացատրել է, որ ըստ օրենսդրության՝ ինքը չի կարող Սաակաշվիլիին վարչապետ նշանակել, քանի որ գոյություն ունի այս կամ այն թեկնածուին առաջադրելու և կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատելու երկար գործընթաց։

 

«Ինչ վերաբերում է Սաակաշվիլիին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում առաջադրելուն, ապա այստեղ պետք է հաշվի առնել գործող օրենսդրության նորմերը։ Համաձայն Ուկրաինայի սահմանադրության՝ երկրի վարչապետը նշանակվում է Գերագույն ռադայի կողմից՝ նախագահի ներկայացնելուց հետո»,- բացատրել է նախագահը՝ նշելով, որ այդ գործընթացը տևում է 15 օր։

 

Պորոշենկոն ասել է նաև, որ պետք է հետևել երկրի գործող վարչապետի հրաժարականի օրինական գործընթացին և պետք է ստանալ անձամբ Սաակաշվիլիի համաձայնությունը։