Նյու Յորքում եմ՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Նյու Յորք է ժամանել՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպելու համար: Այդ մասին ամերիկացի համանախագահը հայտնել է Instagram-ի իր էջում՝ հրապարակելով լուսանկար։
«Ժամանել եմ Նյու Յորք՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Մենք անհամբեր սպասում ենք արդյունավետ քննարկումների»,- գրել է Ուորլիքն Instagram-ում։
Ավելի վաղ նա ադրբեջանական Trend գործակալությանն ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ։
«Մենք հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ։ Համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ այդ հարցը կքննարկեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումները»,-ասել էր դիվանագետը։










