Մեր մամուլն այնքան անամոթ է, որ ինձ վերագրում է խոսքեր մի քննարկումից, որին ներկա չեմ եղել.Դ. Հարությունյան
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկա չի եղել գիտության ոլորտի բյուջետային քննարկումներին, հետևաբար, չէր կարող ասել այն,ինչ նրան վերագրվում է: Այն է` գիտության ոլորտի աշխատակիցները ոչինչ չեն անում, բայց փող են պահանջում:
Tert.am- ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը` ի պատասխան հարցի, թե իրոք համարում են, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները չեն աշխատում, ոչինչ չեն անում` ստացվող ցածր աշխատավարձերի դիմաց, ասաց. «Որպեսզի պարզ լինի, թե ինչ աստիճանի ոչ միայն անլուրջ, այլև անամոթ կարող է գտնվել մեր մամուլը, մնում է միայն ասել, որ գիտության ոլորտի բյուջետային քննարկմանը ես ընդհանրապես մասնակից չեմ եղել: Ուստի, այն ամենը ինչ վերագրվում է ինձ, ուղղակի ստախոսություն է»:
Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը տեղեկացնելով, որ Կառավարության հաջորդ տարվա բյուջեի, այսպես կոչված, տեքստային քննարկումների ժամանակ, երբ ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկել են գիտության ոլորտին հնարավորինս շատ գումար հատկացնել՝ Դավիթ Հարությունյանը նյարդայնացրել է ու հակադարձել է, թե «ինչ եք արել դուք, որ դեռ գումար էլ պահանջում եք»։










