Ընտանիքն անօթևան է մնացել «Գազպրոմ Արմենիային» պատկանող խողովակի պայթյունից և փոխհատուցում է պահանջում. (տեսանյութ)
Արարատի մարզի Այնթափ գյուղի 10-րդ սեփական տան 3 տարի` անօթևան մնացած բնակիչները այսօր կառավարության դեմ բողոքի ակցիա էին անում` «3 տարի` անօթևան`«Գազպրոմի» անօրինական գազի ձեռքից» (նկատի են ունեցել «Գազպրոմ Արմենիա» – Tert.am):
Tert.am–ի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Գյուլնարա Պետրոսյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 2013-ի մայիսի 27-ին: Նրանց սեփական տան կողքին, ստորգետնյա, ոչ համապատասխան ստանդարտներով անցկացված գազի խողովակը վնասված է եղել, գազը լցվել նրանց տուն, և ընտանիքի որդին, չզգալով ննջասենյակի հոտը, վառել է կրակայրիչը ու եղել է պայթյուն, ինչի հետևանքով տունը փլուզվել է:
Հարցին, թե արդյոք որևէ փոխհատուցում ստացել են, Գյուլնարա Պետրոսյանը պատասխանեց.«Ոչ մի բան, քրեական գործ է հարուցվել, անհարկի ձգձգվում է, դատը անորոշ ժամկետով հետաձգվել է»։ Նա նաև նշեց, որ քրեական գործն էլ հարուցվել է ուշացումով` իրենց բարձրաձայնումներից հետո, և այժմ մեղադրյալի աթոռին նստած է շրջիկ փականագործը:
Գյուլնարա Պետրոսյանի կողքին կանգնած դուստրը մանրամասնեց, որ ընտանիքի անդամները դեպքից մի քանի օր առաջ զգացել են հոտը, զանգել համապատասխան 1-04 վարչություն, որտեղից մասնագետներն եկել են ու ոչ մի բան չգտնելով` հեռացել: «Որովհետև ո՛չ սարք ունեին, ո՛չ նորմալ աշխատողներ»,- ասաց Պետրոսյանների ընտանիքի դուստրը:










