ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը համոզված է իրանական Պարչինի օբյեկտից ստացված նմուշների իսկության հարցում

15:00 • 25.09.15

Իրանցի մասնագետների կողմից Պարչինի ռազմական օբյեկտից վերցված և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին փոխանցված նմուշները կեղծ չեն։ Այդ մասին իր վստահությունն է հայտնել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն AP գործակալությանը տված հարցազրույցում, հաղորդում է ТАСС-ը:

 

«Վստահ եմ, որ նմուշները կեղծ չեն: Մենք վստահ ենք, որ գործընթացի հուսալիությունն ապահովված է»,- ասել է Ամանոն։

 

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, սակայն, հրաժարվել է հաստատել, թե արդյոք գործակալության տեսուչները եղել են օբյեկտում նմուշները վերցնելու ժամանակ, բայց անհամաձայնություն է հայտնել այն կարծիքին, թե այդ դեպքում իրանցիներն իրենք իրենց են ստուգել, և ՄԱԳԱՏԷ-ն նրանց հավատացել է:

 

Ամանոն անցած հանգստյան օրերին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և այլ պաշտոնատար անձանց հետ: Գործակալության գլխավոր տնօրենը վստահություն է հայտնել, որ Իրանի ղեկավարությունը համաձայն է նմուշներն ուսումնասիրելու հետ և «կցանկանար արագացնել գործընթացը»։