Կիևը բողոքի նոտա է հղել Ղազախստանի ԱԳՆ՝ ղազախական դասագրքերում Ղրիմը ՌԴ-ի կազմում ներառելու առնչությամբ

14:00 • 25.09.15

Կիևը բողոքի նոտա է հղել Ղազախստանի արտգործնախարարություն։ Պատճառն այն է, որ Ղրիմը որոշ ղազախական դասագրքերում նշվում է որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։ Այդ մասին ասված է Ղազախստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարի հայտարարության մեջ, գրում է РИА Новости-ն:

 

«Այն կապակցությամբ, որ «Մեքթեպ» ղազախական հրատարակության հրատարակած միջնակարգ դպրոցների համար նախատեսված դասագրքերում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը նշվում է ՌԴ սուբյեկտ՝ Ուկրաինայի դեսպանատունը բողոքի նոտայով դիմել է Ղազախստանի Հանրապետության արտգործնախարարությանը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Կիևում կարծում են, որ այդ տեղեկության տարածումը չի համապատասխանում միջազգային հանրության և Ղազախստանի ղեկավարության դիրքորոշմանը:

 

Հայտարարությունում պարզաբանվում է, որ Ուկրաինան դիմել է արտգործնախարարությանը և Ղազախստանի կրթության և գիտության նախարարությանը՝ խնդրելով օգնել միջնակարգ դպրոցներից նշված դասագրքերը հետ կանչելու հարցում։