Միջազգային համայնքը պետք է դադարեցնի հավասարեցնելու դիվանագիտական զգուշավոր գործելաոճը. Օմբուդսմենը՝ սահմանի միջադեպի մասին

13:56 • 25.09.15

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն Ադրբեջանի կողմից սպանված և վիրավորված խաղաղ բնակիչների խնդրով դիմել է մի քանի տասնյակ  միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին և օտարերկրյա մի շարք այլ գործընկերների:


Գրության մեջ մասնավորապես ասվում է.


«Երեկ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն առաջին հերթին արգելում է բոլոր տեսակի ոտնձգությունները ռազմական գործողություններին չմասնակցող խաղաղ բնակչության կյանքի և առողջության նկատմամբ: Բացի այդ, ժնևի  կոնվենցիաների 1-ին Լրացուցիչ արձանագրությամբ  արգելվում են ցանկացած հարձակումները քաղաքացիական անձանցով բնակեցված բնակավայրերի վրա, անթույլատրելի են հարձակումները քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ պարենի պաշարների, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանների վրա:


Մինչդեռ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակելի տների ու ցանքատարածությունների վրա: Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կին զոհվել են հենց իրենց տներում: Նույն շրջանի մեկ այլ գյուղում հակառակորդի գնդակից տարեց կինը սպանվել է բերք հավաքելուց, իսկ երկու խաղաղ բնակիչ  ծանր վիրավորվել են:


Խաղաղ բնակիչների սպանությանը միջազգային հանրության անհամարժեք արձագանքի պայմաններում ինքնապաշտպանական հակահարվածը կդառնա միակ լուծումը: Սա մեզ համար անթույլատրելի ու անցանկալի է, քանի որ մարդու կյանքը թե´ Հայաստանում և թե´ այլուր մեզ  համար բարձրագույն արժեք է: Որպեսզի կանխվեն նոր զոհերը, միջազգային համայնքը պետք է դադարեցնի մարդասպան պետությանը և գնդակոծվող խաղաղ բնակչությանը հավասարեցնելու դիվանագիտական զգուշավոր գործելաոճը և նեցուկ լինի խաղաղ բնակչությանը, մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու ժնևյան կոնվենցիաների տարրական պահպանմանը»: