Նոր Սահմանադրությունը բացառելու է ձևական ընդդիմություններ լինելու հնարավորությունը. Կարինե Աճեմյան

00:52 • 26.09.15

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նոր համակարգը բացառելու է ձևական  ընդդիմություններ լինելու հնարավորությունը:

 

«Այնքան մեծ պատասխանատվություն է քաղաքական ուժերից  ակնկալվում, որ պարզապես հնարավոր չէ. կամ դու ընդդիմություն ես, կամ՝ իշխանություն և պետք է հստակ ձևավորես քո քաղաքական օրակարգը»,- Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ժամանա՞կը չէ, որ Ազգային ժողովի որոշ խմբակցություններ հայտարարեն, որ այլևս ընդդիմադիր չեն, քանի որ իշխող «Հանրապետական» խմբակցության գրեթե բոլոր ծրագրերին կողմ են, ասաց Կարինե Աճեմյանը:

 

Ըստ նրա՝ հենց դա էլ սահմանադրական փոփոխությունների նոր համակարգի ամենամեծ առավելությունից մեկն է, կուսակցությունների կայացման մասով դասական ընդդիմություն և դասական իշխանություն ձևակերպումներում ոչ ոք չի կարող մանևրել:  

 

«Այս պարագայում և ՀՅԴ-ն  իհարկե այնքան ազնիվ գտնվեց, որ իր 28 տարվա երազանքը համարեց իրականացված, որովհետև իրենք վաղուց են այս համակարգի մասին խոսել, իսկ ԲՀԿ-ի դեպքում նրանք բոլորը չեն, որ կողմ են, բայց այն պատգամավորները, որ կողմ են, նաև առաջարկներ են ներկայացրել, որոշակի անհանգստություններ են հայտնել: Դա իրենց ներկայանալու ձևն է, և իրենց որոշումն է, բայց կրկնում եմ, որ այս համակարգը շատ հարցեր իր տեղը կդնի և պետք է հստակ այդ սահմանը երևա, ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն»,-ասաց նա: