Սիրիայում երկու շիա բնակավայրերի բնակիչներին կտարհանեն

19:05 • 26.09.15

Սիրիայի Իդլիբ շրջանի Ֆուա բնակավայրից դուրս է եկել խաղաղ բնակիչներով առաջին ավտոշարասյունը: Տարհանման գործընթացը վերահսկում են Կարմիր Խաչի ներկայացուցիչները, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ֆուայում եղած իր աղբյուրին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆուա և Քեֆրայա բնակավայրերում մինչև շաբաթ օրը հաստատվել է ժամանակավոր հրադադար:


Գործակալության զրուցակցի խոսքերով՝ դուրս եկած առաջին ավտոշարասյունը «փորձնական է»: Եթե մարդիկ առանց խնդիրների հասնեն նշանակետ, ապա ահաբեկիչների առաջին խումբը դուրս կթողնվի Զաբադանի քաղաքում շրջափակումից:


Ընդամենը 10 օրվա ընթացքում պետք է տարհանվի Ֆուա և Քեֆրայա բնակավայրերի 10 հազար բնակիչ: Դրա փոխարեն սիրիական զորքերը և լիբանանյան «Հեզբոլա» շարժման մարտիկները թույլ կտան 512 մարտիկներից կազմված խմբին դուրս գալ Զաբադանիից: Ահաբեկիչների պայմաններից մեկը 14 տարեկանից մեծ երիտասարդների և մինչև 50 տարեկան տղամարդկանց տարհանման արգելքն է:


Սիրիական բանակի և ահաբեկչական խմբավորումների միջև բանակցություններում միջնորդ են հանդիսացել Թուրքիան և Իրանը: Կողմերին հաջողվել է պայմանավորվել, որ զինվորականները անվտանգ միջանցք կտրամադրեն Զաբադանիում շրջափակման մեջ հայտնված գրոհայիններին և նրանց ընտանիքներին: «Ջեբհատ ան-Նուսրա» և «Ջեյշ ալ-Ֆատհ» խմբավորումների գրոհայինները պետք է դրա փոխարեն մարդասիրական միջանցք բացեն երկու բնակավայրերի բնակիչների անվտանգ տարհանման համար: