Չեմ բացառում, որ Բաքուն ունի համաշխարհային ուժի կենտրոններից մեկի աջակցությունը. Արման Մելիքյան

10:11 • 28.09.15

 

Աշխարհաքաղաքական զարգացումները սրընթաց բնույթ են ստանում և այդ համատեքստում աճել է ակտիվ ռազմական սադրանքների միջոցով հակամարտությունը սեփական նախասիրությունների ծիրում լուծելու Ադրբեջանի ախորժակը:
 

Tert.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով սահմանում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին:

Հարցին, թե արդյոք պետք է Հայաստանը սեփական ուժերով հարցին լուծում տա, թե, այնուամենայնիվ, պետք են արտաքին միջամտություններ, Արման Մելիքյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ այս հարցում Բաքուն, գուցե, ունի նաև համաշխարհային ուժի կենտրոններից մեկի աջակցությունը: Ես հակված եմ այն տեսակետին, որ Հայաստանը պետք է առայժմ ձեռնպահ մնա կողմնակի որևէ աջակցություն հայցելուց՝ սա հնարավոր արտաքին միջամտությունները սահմանափակելու առավել ներգործուն միջոցը կլինի»,-ասաց Արման Մելիքյանը: