Հանկարծակի սկսեցին կրակել. հակառակորդի գնդակոծումից վիրավորված զինծառայող
Tert.am-ն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեղեկանալու սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմաններում հակառակորդի կողմից N զորամասի պահպանության շրջանի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթյունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին։
Վնասվածքաբանական բաժանմունքի կոորդինատոր, բուժծառայության կապիտան Միքայել Մաղաքելյանը ներկայացրեց վնասվածքաբանական բաժանմունք տեղափոխված հիվանդների առողջական վիճակը. նրանք են՝ Արկադի Մուրադյանը, Արման Ստեփանյանը, Յաշա Բաղդասարյանը, Պողոսյան Թաթուլը, Թումանյան Կարենը, Խաչատրյան Ռազմիկը։
Արկադի Մուրադյանը պատմեց, որ վնասվածք է ստացել ձեռքի հատվածում և հիմա ցավեր ունի: «Գնացել էինք պալիգոններ կրակելու, հանկարծակի սկսեցին կրակել»,-պատմեց նա և նշեց, որ անսպասելի էր դա իրենց համար, քանի որ սահմանից հեռու էին և մինչ այդ նման բան չէր պատահել։
Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ բուժծառայության փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը տվյալներ ներկայացրեց վերակենդանացման բաժանմունք տեղափոխված երեք հոգու առողջական վիճակի մասին։ Նա նաև հայտնեց, որ այսօր վերակենդանացման բաժանմունք է ընդունվել Ստեփանակերտից ևս մեկ վիրավոր:










