Գերմանիայում փախստականների ճամբարում անկարգություններ են եղել
Գերմանիայի Քասել քաղաքում փախստականների վրանային ճամբարում բախումներ են եղել ներգաղթյալների միջև։ Անկարգությունների հետևանքով վիրավորվել է 14 մարդ, այդ թվում՝ 3 ոստիկաններ, որոնք փորձել են հանդարտեցնել բախումների մասնակիցներին, գրում է Deutsche Welle-ն։
Համաձայն լրատվամիջոցների՝ փախստականների միջև ծեծկռտուքը սկսվել է կիրակի երեկոյան` սնունդ բաժանելու ժամանակ։ Դեռահասների և 80-ամյա ներգաղթյալի միջև վեճը հանգեցրել է բախումների։
Իրավապահներին նախ հաջողվել է իրավիճակը վերցնել վերահսկողության տակ, սակայն հետո անկարգությունները նոր ուժով են սկսվել։
Անվտանգության աշխատակիցների տվյալներով՝ բախումներին մասնակցել է տարբեր ազգության ավելի քան 300 մարդ։ Դեպքի վայր են բերվել մոտ 50 ոստիկաններ։ Ութ ներգաղթյալներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։










