Հռոմի պապն ԱՄՆ իր այցն ավարտել է զանգվածային պատարագով (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ավարտել է իր 6-օրյա այցը ԱՄՆ՝ Ֆիլադելֆիա քաղաքում մատուցված զանգվածային պատարագով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Կազմակերպիչների խոսքով՝ պատարագին, որի ընթացքում պոնտիֆիկոսը կոչ է արել միշտ բաց լինել «սիրո հրաշքի համար», մասնակցել է մոտ 1 մլն մարդ։
Ֆիլադելֆիայի տրանսպորտային ծառայությունները վերջին մի քանի ամիսների ընթացքում նախապատրաստվել են, որ բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան հասնել միջոցառման անցկացման վայր։ Փողոցներում հերթապահել են հարյուրավոր ոստիկաններ և Ազգային գվարդիայի զինվորներ, ովքեր օգնել են խուսափել հրմշտոցից։
Հռոմի պապի այցի կապակցությամբ քաղաքում արգելվել են անօդաչուների և օդապարիկների թռիչքները։
Առավոտյան պոնտիֆիկոսը հանդիպել է մարդկանց հետ, ովքեր նախկինում ենթարկվել են սեռական ոտնձգության հոգևորականների կողմից, և խոստացել, որ բոլոր մեղավորները կկրեն իրենց պատասխանատվությունը։
Այնուհետև նա «Քերան Ֆրոմհոլդ» խոշոր բանտում այցելել է մոտ 100 կալանավորների։
Հռոմի պապին օդանավակայան ճանապարհելու համար ժամանել են Ֆիլադելֆիայի քաղաքապետ Մայքլ Նատերը և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։




















