Կատալոնիայի կառավարության ղեկավարին դատարան են կանչել

16:14 • 29.09.15

Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասին որպես կասկածյալ դատարան են կանչել՝ 2014 թվականի նոյեմբերի 9-ին կայացած շրջանի քաղաքական ապագայի մասին հարցման առնչությամբ, հաղորդում է РИА Новости-ն։

 

Բացի կատալոնական կառավարության ղեկավարից՝ որպես կասկածյալներ դատարան են հրավիրվել նաև խորհրդական Իռեն Ռիգաուն և Կատալոնիայի կառավարության նախկին փոխնախագահ Խոան Օրտեգան: Նրանք երեքը կասկածվում են իշխանության չարաշահման, պետական միջոցների յուրացման և իրավապահ մարմիններին չհնազանդվելու, մասնավորապես՝ հարցման անօրինականության մասին Իսպանիայի սահմանադրական դատարանի վճիռն արհամարհելու համար։

 

Մասի, Ռիգաուի և Օրտեգայի դեմ գործը բացվել է դեռևս 2014 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր ցուցմունքներ տալու համար արդեն դատարան են կանչվել մի քանի մարդ, հավաքվել է նաև տեղեկություն Կատալոնիայի կառավարության և քվեատուփերի տեղադրման համար պատասխանատու կազմակերպությունների հետ կապերի մասին: Նրանց ցուցմունքները դատարանում, քննության կարծիքով, անհրաժեշտ են «կայացած քվեարկության հետ կապված իրավիճակի ամբողջական պատկերը» ստանալու համար։

 

Իսպանիայից Կատալոնիայի անկախացման մասին բնակչության համընդհանուր հարցումը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 9-ին: Հարցման արդյունքներով, որին ձայնի իրավունք ունեցող 5,4 միլիոն կատալոնացիներից մասնակցել է ավելի քան 2,3 միլիոնը, 80 տոկոսից ավելին հանդես է եկել շրջանի անկախացման օգտին։