Ոստիկանությունը բերման էր ենթարկել «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամներին՝ գրաֆիտի անելիս

13:14 • 29.09.15

Անցած գիշեր Երևանի տարբեր փողոցներից ոստիկանություն են բերման ենթարկվել «Չեք անցկացնի» նախաձեռնության չորս անդամները՝ Հրայր Մանուկյանը, Արթուր Մինասյանը, Կարպիս Փաշոկյանը և Հայկ Ավետիքյանը:


Ինչպես Tert.am-ի հետ զրույցում պատմեց Հրայր Մանուկյանը, հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի իրազեկման ակցիայի շրջանակներում իրենք փողոցում պատի վրա «ոչ» են պատկերել, ինչի պատճառով էլ ոստիկանությունը բերման է ենթարկել:


Հրայր Մանուկյանի խոսքով՝ իրենք եղել են զույգերով՝ ինքն ու Կարպիս Փաշոկյանը, Հայկ Ավետիքյանն ու Արթուր Մինասյանը: Վերջին երկու հոգուն բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայից, իսկ իրեն ու Կարպիսին՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկի տարածքից:


Հրայր Մանուկյանը շեշտեց, որ ոստիկանության համազգեստով, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անձինք իրենց հետապնդել են մինչև գրաֆիտի անելը և հենց գործողությունից հետո էլ արագ բերման ենթարկել:


«Իրենք գիտեին՝ որտեղ էինք նկարելու, հենց մեկ հատ նկարեցինք, մեզ տարան: Մինչ այդ էլ ավտոմեքենաներով մեր հետևից պտտվում էին, երևի սպասում էին: Ամբողջ քաղաքում երկու հատ ենք գրաֆիտի արել ու մեզ բերման ենթարկելուց անմիջապես հետո երկու գրաֆիտին էլ սևացրել են»,- նշեց Մանուկյանը:


Ոստիկանության բաժնում արդեն, Հրայր Մանուկյանի խոսքով, ոստիկաններն իրեն պարտադրել են անջատել հեռախոսը, իսկ մյուս ակտիվիստի ձեռքից վերցրել են այն:


Ըստ նրա, սա ցույց է տալիս իշխանությունների մտահոգությունը սահմանադրական բարեփոխումներին դեմ դուրս եկած քաղաքացիական ու քաղաքական ուժերի նկատմամբ:

Ոստիկանությունում հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով արձանագրություն, որը հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու մասին է:


Բոլոր չորս անդամներն այժմ ազատ են արձակվել: