Դանիայում փախստականների ճամբարում անհայտ անձը դանակի մի քանի հարված է հասցրել ոստիկանին

16:50 • 29.09.15

Լուսանկարը՝ Reuters-ի


Դանիայում փախստականների Սանդհոլմ ճամբարում անհայտ անձը դանակի մի քանի հարված է հասցրել ոստիկանին, գրում է segodnya.ua-ն՝ The Local-ին հղումով։

 

Ոստիկանության տվյալներով՝ վիրավորի վիճակը հաջողվել է կայունացնել։ Որոնումների արդյունքում ձերբակալվել է մի տղամարդ, որը կասկածվում է հարձակումն իրականացնելու մեջ։

 

Ոստիկանությունում ենթադրում են, որ հարձակվողը կարող է համախոհներ ունենալ, որոնումները շարունակվում են։

 

Ոստիկանությունում չեն պարզաբանում՝ արդյոք հարձակվողը եղել է ապաստան խնդրող, ով ապրում է փախստականների կենտրոնում։

 

«Մենք հետաքննություն ենք անցկացնում, որպեսզի պարզենք դա»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։

 

Սանդհոլմ կենտրոնն ամենախոշորն է Դանիայի նման հաստատություններից, այժմ այնտեղ մոտ 600 փախստական է ապրում։