Ուղեղը Հայաստանից, ֆոնդերը՝ ԵՄ-ից. տեղի ունեցավ «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը

15:08 • 29.09.15

«Էլեկտրոնային Հայաստան» ունենալու համար ձեռքբերումները քիչ չեն, սակայն անելիքներ էլ կան. նման եզրակացության եկան այսօր «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովին, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանում Էստոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ:


Էլեկտրոնային վիզա համակարգի ներդրում, էլեկտրոնային փաստաթղթերի համակարգի շրջանառություն, առցանց բիզնեսի գրանցում, առցանց վճարումներ և այլն, ցանկը փոքր չէ, որոնք այլևս հասանելի են նաև Հայաստանում և մեծ ձեռքբերում ՀՀ կառավարության և  միջազգային հանրության համար, սակայն ոլորտը պետք է զարգացնել, որի պոտենցիալն անշուշտ Հայաստանն ունի. այս համոզման է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:


«Հանձնառու ենք և շարունակելու ենք աջակցել էլեկտրոնային կառավարման մոդելը Հայաստանում: 25 մլն եվրո է ներառում համակարգի ներդրման ծրագիրը և հաջորդ փուլը փոխգործակցության համակարգի ստեղծման համար է, որը կլինի առաջիկա տարիների ընթացքում»,- ասաց նա:


Պյոտր Սվիտալսկին նկատեց, թե Էստոնիային տրամադրել է իր արժեքավոր փորձը, որը փոքր երկիր լինելով ունի այս ոլորտում առաջնորդի իմիջ: «Եվ սա հրաշալի օրինակ է Հայաստանի  համար հետևել այս ուղուն, և զարգացնել բարձր չափորոշիչներ ոչ միայն Հարավային Կովկասում, այլ Հարավային Կովկասից դուրս»,- ասաց նա և շեշտեց, թե այս ոլորտում Հայաստանը կարող է շատ բանի հասնել:


«Գիտեմ որ Հայաստանը տաղանդների երկիր է՝ շախմատիստներ, ակադեմիկոսներ, մաթեմատիկներ, ինձ համար դա զարմանալի չէ, որ օրինակ մաթեմատիկոս բառը կարծես հայերեն լինի: Հայաստանում կան ուղեղներ, իսկ ԵՄ-ն ունի համապատասխան ֆոնդեր, այս երկուսին կարող ենք ամուսնացնել և լինի հրաշալի արդյունք»,- ասաց նա:

 

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Վազգեն Յակուբյանը բացատրեց, թե ինչ կապ ունի ՀԲԸՄ-ն ծրագրի հետ:


«Բուն նպատակը գոնե մեր տեսակետով այս է, նախ՝ ավելի մեծ շերտերի ծանոթացնել ինչ է ասել  Էլեկտրոնային կառավարումը և քննարկենք, թե ինչ ձևով կարող ենք մեր սփյուռքին ներգրավել այս պլատֆորմում»,- ասաց նա: