ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ուորներին ցմահ հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի կողմից պատժվել է. նրան ցմահ հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից՝ կոռուպցիայի համար մեղադրանքների պատճառով, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրությունը։
Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ Ցյուրիխում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է ՖԻՖԱ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյա: Եվս մի քանի պաշտոնյայի մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանց թվում է Ուորները։
ԱՄՆ իշխանություններն Ուորներին խարդախության, ռեկետի և փողերի լվացման մեղադրանքներ են ներկայացրել: Նախկին պաշտոնյայի արտահանձնման լսումները կայանալու են դեկտեմբերի 2-ին։










