Վրաստանը միացել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին
Վրաստանը դարձել է չորրորդ երկիրը, որը դաշինքի անդամ չէ, բայց միացել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին։
Երկիրը նաև պատրաստ է մասնակցել միջազգային խաղաղապահ առաքելություններին: Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։
Ղարիբաշվիլին մեկշաբաթյա այցով Նյու Յորքում է, նա մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան անձանց հետ։
«Մենք կլինենք ՆԱՏՕ-ի ոչ անդամ չորրորդ երկիրը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերում, ինչը ցույց է տալիս Հյուսիսատլանտյան դաշինքի հետ վրացական զինված ուժերի համաձայնեցված գործողությունների բարձր մակարդակը։ Այս պահին արագ արձագանքման ուժերի ռեզերվում 130 վրացի զինվորական կա»,- ասել է նա։
Ղարիբաշվիլին նաև նշել է, որ «վրացական կողմը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը»։










