«Հայանտառին» պատկանող 1.4 հա տարածք կտրամադրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ տաղավար կառուցելու համար
«Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող և Երևանի քաղաքային համայնքի Նորք-Մարաշ վարչական շրջանի սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասից 1,4 հա մակերեսով հողամասը կառավարության որոշման դեպքում կհատկացվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ նոր տաղավար կառուցելու համար:
Ինչպես նշվում է որոշման նախագծում, նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավարը կառուցելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում:
Որոշման նախագծի համաձայն սեփականության իրավունքի գրանցումից հետո «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն եռամսյա ժամկետում լիազորված պետական մարմին պետք է ներկայացնի անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիր` օտարվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման, ցանկապատման, ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների և դրանց կատարման ժամանակացույցի վերաբերյալ:
Ընկերությունը ծրագիրը պետք է իրականացնի սեփական միջոցների հաշվին:










