Հունաստանը չեղյալ է համարում հարկային արտոնությունները կղզիների համար
Վարկատուների հետ համաձայնությանը համապատասխան՝ Հունաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարում հունական կղզիների համար գործող հարկային արտոնությունները, հաղորդում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը։
Առաջին փուլում վերացվում են արտոնությունները զբոսաշրջիկների շրջանում առավել հայտնի կղզիների՝ Ռոդոսի, Սանտորինիի, Միկոնոսի համար։
«Հասկանալի է, որ իրադարձությունների նման զարգացումը կառավարության ընտրությունը չէ, այլ քաղաքական անհրաժեշտություն, որը բխում է վարկատուների հետ համաձայնությունից և կարևոր դեր ունի բարեփոխումների ծրագրի գնահատականների և հետագա քայլերի համար»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ինչպես նշել են Ֆինանսների նախարարությունում, առաջին խմբի կղզիների ընտրությունն իրականացվել է միասնական և թափանցիկ չափանիշներով: Կղզիների երկու այլ խմբերի հարկերը կփոխվեն 2016 թվականի հունիսի 1-ից և 2017 թվականի հունվարի 1-ից, ընդ որում՝ հեռու կղզիները ներառված են վերջին խմբում։










