Հարցեր, որոնց պետք է պատասխանի ՀԷՑ-ը. հանրային քննարկում
Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություններ, կազմակերպել էր հանրային քննարկում «Ի՞նչ հարցերի պետք է պատասխանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտը: Ներկա իրավիճակը» խորագրով: Թեև քննարկմանը հրավիրված էին պատկան մարմիններից տարբեր պաշտոնյաներ, սակայն վարող Դավիթ Ամիրյանն ասաց, որ նրանք տարբեր պատճառաբանություններով չէին ներկայացել:
Անկախ փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն իր ելույթում ներկայացրեց իրենց կողմից առաջարկությունների փաստաթուղթը, որով կոչ է արվում իրականացնել ՀԷՑ-ի կողմից իրականացված գնումների ուսումնասիրություն, ներքին վերահսկողության համակարգի առկայության ուսումնասիրություն, ծախսային սահմանաչափերի առկայություն և դրա համատեքստում օգտագործման չափաքանակների գնահատում, կառավարման արդյունավետության ուսումնասիրություն, տարածքների վարձակալության հիմնավորվածության և նպատակահարմարության ուսումնասիրություն, ցերեկային և գիշերային սակագների խզվածության հիմնավորվածության գնահատում, ներդրումների արդյունավետության գնահատում, արտադրող կայաններին հզորությունների դիմաց վճարումների մոտեցումների ուսումնասիրություն, իրականացնել խոշոր սպառողների հետ հարաբերությունների ուսումնասիրություն, ակտիվների վերագնահատման մասով ռիսկերի ուսումնասիրություն, նյութական ծախսերի հիմնավորվածության ուսումնասիրություն, և ծախսերի օպտիմալացման և ռացիոնալացման մասով առաջարկների ներկայացում:
«Ես երբևէ դեմ չեմ բնական մենաշնորհներին, մեկ սուբյեկտի առկայությանը, խնդիրն այն չէ, որ մեկ սուբյեկտի ենք տվել, ես խնդիրը տեսնում եմ բարձիթողի վիճակի մեջ, կանոնակարգման մեխանիզմների բացակայությունն է խնդիրը»,- ասաց նա:










