ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ՄԽ համանախագահների հետ և կոչ հղել

10:13 • 29.09.15

OSCE/Jonathan Perfect

 

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովին, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքին և Ֆրանսիայից դեսպան Պիեռ Անդրյոյին) և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կասպշիկին։ Այդ մասին հաղորդվում է ԵԱՀԿ-ի կայքում։

 

Դեսպանները տեղեկացրել են Դաչիչին շփման գծում բռնության վերջին ալիքի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ ունեցած բանակցությունների մասին։ 

 

Նա խստորեն դատապարտել է վերջին էսկալացիան՝ ցավակցություններ հայտնելով զոհերի ընտանիքներին և կոչ անելով բոլորին առավելագույն զսպվածություն դրսևորել և աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

 

ԵԱՀԿ գործող նախագահ Դաչիչն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դեսպան Կասպշիկի աշխատանքին և վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև կարգավորման համար բանակցային գործընթացի առաջխաղացման և վստահության ամրապնդման միջոցների իրականացման վերաբերյալ նրանց կոչը։

 

Դաչիչը հավելել է, որ երկու երկրների նախագահների նախատեսվող հանդիպումն այդ ուղղությամբ լավ քայլ կլինի։